Ֆրանսահայ աշխարհահռչակ շանսոնիե, Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրը, Hollywood Reporter-ին հարցազրույցում խոսելով իր դիվանագիտական գործունեության մասին, ասել է, թե աշխատում է ինքնուրույն՝ առանց նախագահին հարցնելու, թե ինչ պետք է անել, հետո հայտնում է իր կատարած քայլերի մասին:
«Օրինակ, ես շուտով տեսակցելու եմ Թուրքիայի դեսպանի հետ, դա հազվագյուտ է, բայց ես նախապես չեմ տեղեկացրել, քանի որ կարող են ինձ ասել, թե չպետք է դա անեմ, մինչդեռ ես ուզում եմ ազատ լինել իմ քայլերում»,- նշել է Ազնավուրը:
«Կան դժվարություններ ոչ միայն թուրքերի հետ, ովքեր չեն ցանկանում ընդունել Հայոց ցեղասպանությունը, այլև նրանց, ովքեր չեն ուզում, որ ես բարեկամական հարաբերություններ ունենամ Թուրքիայի հետ: Հետևաբար՝ պետք է զգույշ լինեմ»,- ասել է նա: Ազնավուրն ընդգծել է, թե ինքը ոչինչ չունի այսօրվա թուրքերի դեմ, քանի որ ցեղասպանությունը կատարել են նրանց պապերը: Նա հույս է հայտնել, թե իր գործունեությամբ կկարողանա ինչ-որ փոփոխության հասնել երկու երկրների միջև:
Պատասխանելով իր մարդասիրական գործունեությանը վերաբերող հարցերին՝ Ազնավուրը խոսել է «Ազնավուրը Հայաստանի համար» միության մասին, որը ֆինանսավորում է բարեգործական համերգներից և երգերից ստացվող հասույթներով: «Դժվար է, եթե չես կարող թելեթոններ և նման միջոցառումներ կազմակերպել»,- ասել է նա՝ հավելելով, որ ամեն ինչ անում է մենակ և ոչ մեկից նվիրատվություն չի խնդրում: «Ամեն տարի ես գնում եմ Հայաստան՝ ինքս տեսնելու, թե որոնք են անմիջական պահանջները», - նշել է Ազնավուրը նույն հարցազրույցում:
Աշխարհահռչակ երգիչը հայտարարել է, որ կապ չունի և չի ուզում ունենալ քաղաքականության հետ: «Իմ հանդիսատեսը պատկանում է ամենատարբեր կրոնների, ամենատարբեր գույների և լեզուների: Ես չեմ դավաճանում նրանցից ոչ մեկին և անկեղծ եմ բոլոր նրանց հանդեպ, ովքեր սիրում են իմ երգերը», - շեշտել է Ազնավուրը: